Քաղաքականություն

Նախատեսվածից շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին. ծախսը կավելանա

2 րոպեի ընթերցում

Նախատեսվածից շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին. ծախսը կավելանա

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ավելի շատ կուսակցություն, քան նախատեսվել էր. այսպիսով` կավելանա քվեաթերթիկների տպագրության և տեղափոխման հետ կապված ծախսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

ԿԸՀ-ում իր գործունեությունից ի վեր Մուկուչյանը չի հիշում քաղաքական ուժերի՝ ընտրություններին նման մեծ մասնակցություն: «2012 թվականից սկսած նման մեծ թվով կուսակցությունների մասնակցություն չէր եղել»,-ասաց նա ու հավելեց, որ միանշանակ ծախսը կավելանա:

Հաշվարկները ներկայում իրականացվում են, հիմնական ծախսի ավելացումը պայմանավորված է լինելու քվեաթերթիկների տպագրությամբ, դրանց տեղափոխմամբ: «Մի բան է, երբ նախապատրաստվում է օրինակ, 40 մլն քվեաթերթիկ, մեկ այլ բան է՝ օրինակ 70 մլն-ից ավելին»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Նրա խոսքով՝ պլանավորվել էր ավելի քիչ մասնակցության թիվ: Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ: Ընտրատեղամասում ընտրողը ստանալու է 26 քվեաթերթիկ, իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ ու գցելու է արկղի մեջ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում