Քաղաքականություն

Մարուքյանը բացառում է ԼՀԿ ցուցակում գործարարների առկայությունը

3 րոպեի ընթերցում

Մարուքյանը բացառում է ԼՀԿ ցուցակում գործարարների առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացառում է, որ իրենց նախընտրական ցուցակում կարող են տեղ գտնել գործարարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հատուկ անակնկալներ չունենք, մենք մեր թիմով, մենք մեր ռեսուրսներով»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով հարցին, թե առողջ ուժերին ուղղված՝ իրենց միանալու կոչին հետևողներ եղե՞լ են՝ Մարուքյանն ասաց. «Կլինեն ոչ մեր կուսակցության անդամներ՝ մարդիկ, որոնք կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են, ունեն լավ գիտելիքներ, փորձ, որը կարող են ներդնել մեր պետականաշինության գործում, կլինեն նման օրինակներ: Բայց դրանք հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Գործարարներ, հենց այս պահին կարող եմ ասել, որ չկան»:

Նա հավելեց, որ չեն էլ ունեցել որևէ բանակցություն գործարարների հետ:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում գործարարների հնարավոր առկայությանը՝ նա հիշեցրեց, որ նախկինում հասարակական կազմակերպությունները և ընդդիմությունը քննադատել են նախորդ իշխանությանը հենց նրա համար, որ գործարարներին բերում են խորհրդարան, և երկրում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված չեն: «Հեղափոխության խոստումներից մեկն էլ այն էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, որ շահեր չմտնեն խորհրդարան: Եվ, եթե նորից գործարարները բերվեն խորհրդարան, դա հեղափոխության ևս մեկ խոստման դրժում կլինի և հետընթաց՝ այն մի քանի մնացած ձեռքբերումների փշրանքներից»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, թե խոսակցություններ կան, որ ընտրակաշառք է լինելու: Հարցին, թե ո՞ր կողմից՝ ԼՀԿ ղեկավարն ասաց, որ տարբեր կողմերից: Թե որ ուժի համար են դա ասում, նա ասաց, որ դեռևս չի կարող անուններ հրապարակել: «Բայց հաստատ չեն ասի այն ուժերի անունից, որոնք ի սկզբանե ակնհայտ է, որ չեն կարող փող բաժանել: Ակնհայտ է, թե որ կողմից կարող են փող բաժանել: Միշտ կարող է փող բաժանել իշխանությունը, քանի որ ունի գործարարների վրա ազդեցություն և այն ուժերը, որոնք անսահմանափակ ռեսուրսներ ունեն: Այս մասով էլ իշխանություն պետք է ցույց տա՝ ունի՞ կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի սպասվող ընտրություններում»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Արդեն հայտնի է դարձել, որ ՔՊ-ի համամասնական ցուցակում ընտրություններին մասնակցելու է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում