Քաղաքականություն

Ինչու ընտրություններին ընդդիմությունը չգնաց միասնական ճակատով. Իշխան Սաղաթելյանի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

Ինչու ընտրություններին ընդդիմությունը չգնաց միասնական ճակատով. Իշխան Սաղաթելյանի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի առաջնորդներից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր ուժերի միասնական ճակատով չմասնակցելու մասին դիտարկումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդքան միմյանցից տարբեր գաղափարախոսություններ ունեցող քաղաքական ուժերի մեկ ցանկով մասնակցությունը չէր ստացվելու:

«Այստեղ շատ կարևոր է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն, ընդդիմադիր դաշտի իրական ուժերը հստակ հայտարարեն, որ որևէ պարագայում գործող իշխանության հետ որևէ ձևաչափով չեն համագործակցելու: Մեր դաշինքն այդ առումով հայտարարություն արել է, և մենք սպասում ենք մյուս ուժերի հայտարարություններին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է ընտրությունները չեղարկելու մասին դիտարկումներին, Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ երբ իրենք փողոցում պայքարում էին ու ստեղծված իրավիճակի լուծում տեսնում էին գործող իշխանությունների հեռացումը, ապա շատ քաղաքական ուժեր ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով:

«Հիմա եկել ենք, հասել ենք մի փուլի, երբ վաղը ԿԸՀ ենք ներկայացնում ընտրացուցակները, ամբողջ պրոցեսը գնում է այդ ճանապարհով, ու որոշները հայտարարում են, թե ընտրությունները ելք չեն: Այդ դեպքում ո՞րն է ելքը: Եթե իրենք տեսնում են ելքը այնտեղ, որ այս իշխանությունը շարունակի պաշտոնավարել, ապա մենք դա չենք տեսնում: Մենք կարծում ենք, որ րոպե առաջ ընտրությունների միջոցով պետք է հեռացնենք այս իշխանություններին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում