Քաղաքականություն

Գորգիսյանը դժգոհեց, որ ԸՕ վերջնական փաթեթը քաղաքական ուժերի հետ չի քննարկվել. Դանիելյանն արձագանքեց

3 րոպեի ընթերցում

Գորգիսյանը դժգոհեց, որ ԸՕ վերջնական փաթեթը քաղաքական ուժերի հետ չի քննարկվել. Դանիելյանն արձագանքեց

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դժգոհեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթի վերջնական տարբերակը չի քննարկվել քաղաքական ուժերի հետ, հանրային քննարկման չի դրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գորգիսյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում փաթեթի քննարկմանը:

Նա ընդգծեց, որ երբ սկսել են փաթեթի շուրջ աշխատանքները, կարևորել են, որ նախագիծը լինի ներառական և հանրային քննարկման ներկայացվի: «Նախագիծն անընդհատ փոփոխվել է, և նույնիսկ մեր վերջին քննարկումից հետո, որը տեղի ունեցավ Ծաղկաձորում, էլի փոփոխություններ են եղել: Վերջին տարբերակը, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացվել էր, արդեն էլի փոփոխված էր այն տարբերակից, որն ունեինք: Փաստորեն այսօր քննարկում ենք մի տարբերակ, որը ոչ մեկի հետ չի քննարկվել, որը վերջնական տեսքով որևէ կերպ հանրային քննարկման չի դրվել: Ընդ որում, այն դրույթները, որոնք պիտի մտնեն ուժի մեջ, և մի մասը մնա հետո, կրկին որևէ կերպ հանրային քննարկման չեն դրվել, և որևէ քաղաքական ուժի, հանրության ներկայացուցիչների հետ չի համաձայնեցվել, թե՞ եղել է դա, բայց եղել է փակ դռների հետևում, ու ոչ մեկ տեղյակ չի եղել»,-ասաց Գորգիսյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, փաթեթի հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն արձագանքեց. «Փակ դռների հետևում մենք՝ դուք և ես, քննարկել ենք, և դա աշխատանքային կարգ է, դրա մեջ ոչ մի վատ բան չկա»:

Անդրադառնալով նրան, որ փետրվարից հետո եղած նախագիծը փոխվել է, նա ասաց. «Այո, որովհետև փետրվարին ձեզ ներկայացված նախագիծը եղել է սևագիր, որի հետո կապված մինչև այսօր ես որևէ գրավոր առաջարկ չեմ ստացել: Բանավոր եղել են մտահոգություններ, որոնք ընթացքում փոխվել են, իրար հակասող են եղել»:

Դանիելյանը նաև նշեց, որ իշխանությունը հանրային քննարկումն ու գործընկերությունը շատ է կարևորել:

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրա ընդունման դեպքում, ի թիվս այլ փոփոխությունների, էապես նվազեցվելու է Ազգային ժողովի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը Նախագծերիփաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում