«Բարգավաճ Հայաստան»-ը գնալու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնի հետևից
2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարևորագույն խնդիր է յուրաքանչյուր քաղաքացու քվեին տեր կանգնելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
«Մենք մանդատակռիվ չենք անում, մենք հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ գնալու ենք մեր ընտրողների յուրաքանչյուր ձայնի հետևից։ Մեզ համար կարևոր է, եղել է, կա և մնում է այն մարդկանց վստահության քվեն, որը տրվել է մեր կուսակցությանը»,-ասաց նա։
Աբովյանին խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու հարցով։
«Մենք ԿԸՀ-ի հետ գտնվում ենք աշխատանքային գործընթացի մեջ»,-նշեց նա։
ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանն էլ հավելեց, որ ԲՀԿ-ն այս պահին ուսումնասիրում է բոլոր հրապարակված տվյալները։ «Մենք սպասում ենք անճշտությունների ուղղմանը, ինչպես նաև պարզաբանմանը, թե ինչպես են այդ անճշտությունները տեղի ունեցել։ Անճշտությունները պետք է քննվեն այնքան արագ, որքան հնարավոր է, իսկ վերահաշվարկների համար կան ժամկետներ։ Այս ամենից հետո արդեն մենք կորոշենք մեր քայլերի հերթականությունը»,-նշեց Վարդանյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում քվեարկության արդյունքների հրապարակման օնլայն համակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքած ձայները 4 տոկոս էին, ինչն անցողիկ շեմ է, սակայն ավելի ուշ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ ԲՀԿ-ի ձայները 3,996 տոկոս են, հետևաբար, այս պահի դրությամբ կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը։ Այս պահին առկա տվյալներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։