ԲՀԿ-ն կդիմի վերահաշվարկի համար՝ չբացառելով նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը
3 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու հարցով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում ԲՀԿ-ի դիմաց արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։
«Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։ Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»,- գրել է Տոնոյանը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում քվեարկության արդյունքների հրապարակման օնլայն համակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքած ձայները 4 տոկոս էին, ինչն անցողիկ շեմ է, սակայն ավելի ուշ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ ԲՀԿ-ի ձայները 4 տոկոսի չեն հասնում, հետևաբար, այս պահի դրությամբ չի հաղթահարում անցողիկ շեմը։ Այս պահին առկա տվյալներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։
ԿԸՀ նախագահը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված եղել ԲՀԿ-ի ստացած ձայների հետ կապված անճշտությունը։ Ըստ նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներում ներառված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ կայքի համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկված կլորացվում է։
«Այս դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մեկ ձայնը կարող է որոշիչ լինել անցողիկ շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար։ Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում, որ սրանք նախնական արդյունքներ են, մենք ունենք ճշգրտման վերահաշվարկի փուլ, այսինքն՝ մենք բոլոր ջանքերը պետք է կիրառենք, որ մեկ ձայնի ճշգրտությամբ թվերն ունենանք, և այն արդյունքը, որ կունենանք, պետք է իդեալական արտացոլի Հայաստանի Հանրապետության ընտրողների կամքը»,- նշել է Հովակիմյանը։