Ջորկաեֆի մասնակցությամբ Երևանում կանցկացվի «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 3-9-ը իրականացվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ«ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021»ծրագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։
Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպվելու է մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։ Երեխաները մասնակցելու են զվարճալի ֆուտբոլային մարզումների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիման վրա կազմված դասընթացների։
Շաբաթվա ընթացքում նախատեսված են միջոցառումներ ՖԻՖԱ Հիմնադրամի նախագահ Յուրի Ջորկաեֆֆի, ինչպես նաև ՖԻՖԱ-ի մրցավարների բաժնի ղեկավար Մասսիմո Բուզակայի հետ։