Քաղաքականություն

Ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք, որ դուք որոշեք՝ հետո ում պատվիրակեք. Փաշինյանը՝ ժողովրդին

3 րոպեի ընթերցում

Ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք, որ դուք որոշեք՝ հետո ում պատվիրակեք. Փաշինյանը՝ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացնում մեկ նպատակով՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում են, որ կրկին ժողովուրդը որոշի, թե հետո ում պատվիրակի այն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը: «Բայց մեզ ասում էին՝ կառչած եք իշխանությունից: Ես պետք է ուղիղ ասեմ՝ մենք ոչ թե մեր իշխանությունից կամ աթոռներից էինք կառչած, այլ մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը, քանի որ մենք գիտեինք, որ ձեզնից ենք ստացել այդ իշխանությունը և իրավունք չունենք այն առաջին պատահածին հանձնելու»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ 2021-ի հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ մեկ նպատակով: «Մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ, դուք կորոշեք հետո ում վերադարձնեք, պատվիրակեք իշխանությունը: Բայց Հայաստանում ժողովրդի իշխանությունը պետք է լինի անառարկելի»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ ժողովուրդն է բարձրագույն իշխանությունը:

Նա նշեց, որ ընտրությունների անցկացման նպատակով իր հրաժարականից հետո ԱԺ-ն 2 անգամ իրեն չի ընտրի վարչապետի պաշտոնում, մյուս խմբակցություններն էլ վարչապետի թեկնածու չեն առաջադրի: Անդրադառնալով մտահոգություններին, թե ընդդիմադիր ուժերը վարչապետի հրաժարականից հետո կարող են փորձել իշխանափոխություն իրականացնել՝ պալատական հեղաշրջման միջոցով՝ Փաշինյանը վստահեցրեց, որ չեն կարող: «Բայց, եթե որոշ քաղաքական ուժեր և շրջանակներ դուրս գան, էլի ցանկանան, որ ժողովրդին չհասնի ընտրությունը, դրան էլ հեշտ լուծում կա՝ խորհրդարանական մեծամասնությունն ինձ նորից կընտրի վարչապետ և թեման կփակվի»,-ասաց նա ու հավելեց, որ բոլոր հնարավոր սցենարները հաշվի են առել:

Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ-ում կա ապագա, երեխաներն ապագա ունեն, և իրենց ապագան իրենց հողում է:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում