Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպն արձանագրել է ԼՂ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը, Ադրբեջանի հանցագործությունները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպն արձանագրել է ԼՂ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը, Ադրբեջանի հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը 2020 թվականի Մարդու իրավունքների զեկույցի Ադրբեջանին առնչվող հատվածում արձանագրել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի աջակցությունը և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զեկույցում մասնավորապես արձանագրվել է, թե ինչպես պատերազմի սկզբում՝ հոկտեմբերի առաջին օրերին տարածվեցին տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորականները Հադրութում խոշտանգում և սպանում են երկու հայ քաղաքացիական անձանց:

Պետդեպարտամենտի զեկույցում հիշատակվել է դեկտեմբերի 10-ին Amnesty International-ի հրապարակած զեկույցը՝ հիմնված 22 տեսանյութերի վրա, որտեղ ևս արձանագրվել էին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայերի խոշտանգման ու սպանության դեպքեր, որոնք կազմակերպությունը որակել էր որպես «պատերազմական հանցագործություն»: Նշվել է, որ նմանօրինակ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել նաև հայ ռազմագերիների նկատմամբ: Բացի այդ, արձանագրվել է, որ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում օգտագործել են արգելված տեսակի զինամթերք, մասնավորապես կլաստերային ռումբեր:

Նշվել է, որ թեպետ ադրբեջանական կողմը հերքում է, սակայն Հայաստանի կառավարությունը հաղորդել է, որ Ադրբեջանի զինված ուժերն օգտագործել են հրթիռներ ու ռումբեր՝ թիրախավորելով Ստեփանակերտը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքը թողնելով առանց ջրի և էլեկտրականության:

Պետդեպն արձանագրել է, որ պատերազմում Ադրբեջանը կարողացել է հաջողության հասնել թուրքական աջակցության շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում