Քաղաքականություն

Հանդիպումերին արձանագրվել է, որ ԱԺ խմբակցությունները դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հանդիպումերին արձանագրվել է, որ ԱԺ խմբակցությունները դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանդիպումների ընթացքում արձանագրվել է` խորհրդարանական խմբակցությունները արտահերթ ընտրություններից առաջ ընտրակարգի փոփոխության հետ կապված հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության, իշխանության հայեցողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե վարչապետը հակվա՞ծ է ընտրություններն անցկացնել գործող Ընտրական օրենսգրքով, թե՞ փոփոխված օրենսգրքով:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ ընտրությունները տեղի են ունենալու ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում: Դրանք ձեռք են բերվել Հանրապետության նախագահի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Իմ քայլ»-ի, նաև արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում:

Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին՝ Փաշինյանն ասաց. «Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին՝ այդ թվում խորհրդարանական, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ՝ այսինքն` ռեյտինգային ընտրակարգը լինի, թե չլինի: Մեր խոսակցությունների ժամանակ մենք արձանագրել ենք, որ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, այսինքն՝ իրենք խնդիր չունեն՝ վարկանիշայինը լինի, թե չլինի»:

Նրա խոսքով՝ դրանից հետո խորհրդարանական մեծամասնությունը քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, նաև հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ պետք է գնալ ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, և ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով՝ այսինքն` առանց վարկանիշային ընտրակարգի:

«Ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չէ, բայց հանդիպումերի ժամանակ արձանագրվել է, որ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը: Ասվել է, որ մենք կողմ չենք քվեարկի, որովհետև չենք ուզում ձեզ հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը, եթե դուք ուզում եք փոխեք, փոխեք, մենք խնդիր չունենք, մենք դրան առնվազն դեմ չենք արտահայտվի»,-ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում