«Հայրենիքի փրկության շարժումը» ազատում է Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան փողոցում ստեղծվում է շտաբ
1 րոպեի ընթերցում
![«Հայրենիքի փրկության շարժումը» ազատում է Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան փողոցում ստեղծվում է շտաբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046890.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարություն է տարածել իր հետագա անելիքների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՓՇ խորհուրդը քաղաքական պայքարի ներկա շրջափուլում որոշել է սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:
«Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ: Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը»,- նշված է տարածած հայտարարության մեջ:
Շարժումը հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրում է հանրահավաք: