Ադրբեջանական ինքնության երկվությունը և Արցախի մշակութային ժառանգությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1991թ. փետրվարին, տեղի հայ և ուդի բնակիչների արտաքսումից հետո, Ադրբեջանում գտնվող Վարդաշեն քաղաքը վերանվանվեց Օղուզ (Oğuz): Գուցե ժամանակի մասշտաբային գործընթացների ֆոնին այս իրադարձությունը փոքր թվա, այդուհանդերձ այն կարելի է մեկնաբանել որպես բավականին խորհրդանշական: Այս վերանվանմամբ ադրբեջանցի ազգայնականներն, ըստ էության, վերահաստատեցին իրենց թյուրքական ինքնությունը, իրենց գենետիկ ու մշակութային կապը թյուրք-օղուզական ցեղերին: Այդ կերպ ցույց տրվեց, որ ուդիներն ու նրանց մշակութային ժառանգությունը, որոնք համարվում են հին Աղվանքի ժառանգորդ ժողովուրդներից մեկը, կապ չունեն նորանկախ Ադրբեջանի ձևավորվող ազգային ինքնության հետ:

Մյուս կողմից, դեռևս ստալինյան տարիներից սկսած որոշ ադրբեջանական քարոզիչներ առաջ էին տանում թեզը, ըստ որի այսօրվա ադրբեջանցիները այսօրվա Ադրբեջանի տարածքում հին ժամանակներում բնակված ժողովուրդների, ներառյալ աղվանական ցեղերի ուղղակի կամ անուղղակի ժառանգորդներն են: Խորհրդային քարոզչամեքենայի համար այս թեզը պետք էր ադրբեջանական նոր ինքնություն ստեղծելու համար, որը կտրված կլիներ ընդհանուր կրոն ունեցող Իրանից և ընդհանուր էթնիկ ծագում ունեցող Թուրքիայից: Ադրբեջանական վերնախավի համար ևս «հինավուրց արմատներ փնտրելը» ոչ միայն պատվի հարց էր՝ հարևանների հետ մրցակցության համատեքստում, այլ նաև գործիք էր իրենց տարածքային հավակնություններն հիմնավորելու համար, ինչը հատկապես նկատելի դարձավ Արցախյան հակամարտության համատեքստում:

Այսօր էլ, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության դեմ «պայքարի» շրջանակներում ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է առաջ տանել նույն ծեծված կեղծարարությունը՝ թե տեղի քրիստոնեական ժառանգությունը աղվանական է, ադրբեջանցիներն աղվանների հետնորդներն են, և ուրեմն...: Այս մտահանգումը ոչ միայն հակասում է պատմական փաստերին, այլ նաև հենց ադրբեջանական ազգայնական հիմնական նարատիվին՝ կապված թյուրքական ծագման ու օղուզական ժառանգության հետ: Վերջին մոտեցումը լավագույնս արտացոլված է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսում, որը Ադրբեջանի և Թուրքիայի էթնիկ եղբայրության, թյուրքական ընդհանուր ծագման և համերաշխության մասին է:

Այս ամենից կարելի է առնվազն երկու եզրակացություն անել: Առաջինը, Ադրբեջանական ինքնությունը երկվության լուրջ խնդիր ունի, այսինքն, հստակ չէ՝ ինչ ծագում ունեն՝ կովկասյան թե օղուզ-թուրքական: Հստակ չէ՝ հպարտանում են ադրբեջանցիները իրենց քոչվորական ծագումով, եկվոր թյուրքական ցեղերի ժառանգ լինելու հանգամանքով, թե շարունակում են տարածաշրջանում իրենց ներկայությունը հիմնավորել բնիկ ժողովուրդների ժառանգության հետ ասոցացվելու ամոթխած, իսկ երբեմն էլ անամոթ փորձերով:

Երկրորդ եզրակացությունը կարող է լինել այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան քաղաքական նպատակներն առաջ մղելու համար որևէ խտրականություն չի դնում միջոցների մեջ, պատրաստ է խեղաթյուրել ու շահարկել պատմական փաստերը, չարաշահել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես ուդիների խոցելի վիճակը, հիշել և մոռանալ պատմական իրադարձությունները, հորինել և խարխլել ինքնություններ՝ սոցիալական ինժեներիայի լավագույն ավանդույթներով:

Եթե Ադրբեջանը բարդույթներ ունի իր ազգային ինքնության հետ կապված, պետք է փորձի իր խնդիրները լուծել ներսում՝ վերաիմաստավորելով իր անցած ուղին և հաշտվելով մտքի հետ, որ տարածաշրջանում բոլոր ժողովուրդներն էլ ունեն ապրելու և կենսագործելու իրավունք, որ հայկական մշակույթի ու հազարամյա ներկայության ոչնչացմանն ուղղված ջանքերը բարոյական չեն, անօրինական և ոչ տրամաբանական են:

Իսկ եթե հայկական մշակույթի «աղվանացման», ապա նաև «ադրբեջանացման» թեզը զուտ քարոզչական հնարք է, ուրեմն գործ ունենք երեսպաշտության հետ: Արդյունքում, նույն տրամաբանությամբ կարելի է կասկածել Ադրբեջանի «թյուրքականության» մեջ, ինչն արդեն ազնիվ չէ «մեծ եղբոր» նկատմամբ:

Ինչևէ, Արցախում ստեղծված հայկական քրիստոնեական ժառանգությունը որևէ աղերս չունի այսօրվա Ադրբեջանի ու ադրբեջանցու ինքնաընկալման հետ: Մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրումը, դրանց արմատների հերքումը նույնչափ հանցագործությունն է, որչափ ֆիզիկական ավերումն ու վանդալիզմը:

Հայերեն

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ