Մշակույթ

Կյանքից հեռացել է հանրահայտ թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

3 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է հանրահայտ թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 89-րդ տարում մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն է, որը պատուհան է բացել դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում՝ Նյու Յորքի «Carnegie Hall»-ում, Փարիզի «Théâtre des Champs Elysées»-ում, «Salle Pleyel»-ում, Բուենոս Այրեսի «Teatro Colón»-ում, Լյուքսեմբուրգի «Grand Théâtre»-ում, Մոսկվայի «Bolshoi Théâtre»-ում և այլուր: Որպես երաժշտական փառատոների ժյուրիի անդամ և նախագահ՝ հանդես է եկել տարբեր երկրներում, վարել վարպետության դասեր:

1957 թվականից դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960 թվականից՝Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում(1983 թվականից՝պրոֆեսոր)։ Նրա դպրոցն այսօր լայն ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նրա հայ, ռուս, չինացի, իրանցի և տարբեր այլ ազգությունների ուսանողներն այսօր փայլում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի և այլ երկրների բեմերում: Եղել է Երևանի քաղաքային Սովետի պատգամավոր (1965):

Թավջութակային գրականության բազում ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասի առաջին կատարողն է եղել, գրվել են Մեդեա Աբրահամյանի կատարողական արվեստի շնորհիվ: Նրան նվիրված ստեղծագործություններ են հորինել հայ և օտարազգի մի քանի տասնյակ կոմպոզիտորներ (Էդուարդ Միրզոյան,Ալեքսանդր Հարությունյան,Ավետ Տերտերյան,Էդգար Հովհաննիսյան,Արտեմի Այվազյան,Ղազարոս Սարյան,Ադամ Խուդոյան,Մարտուն Իսրայելյան,Աշոտ Զոհրաբյան,Ռուբեն Սարգսյան,Էմին Արիստակեսյան, Էդուարդ Հայրապետյան,ԱլեքսանդրևՎարդան Աճեմյաններ,Սեպուհ Աբգարյան,Ալիսիա Թերզյան, Լևոն Աստվածատրյան, Սուրեն Զաքարյան,Էդուարդ Սադոյան,Յուրի Գևորգյան, Իզաբելլա Արազովա, Ֆելիքս Գլոնտի, Զոլտան Ալմաշի, Եժի Մլոդիևսկի, Թենգիզ Շավլոխաշվիլի, Վաժա Ազարաշվիլի, Յուրի Լանյուկ և ուրիշներ):

Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում