Քաղաքականություն

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանական թիմը միտումնավոր ձգձգում է դատավարությունը

4 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանական թիմը միտումնավոր ձգձգում է դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում է բոլոր հնարավոր ջանքերը, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրեցին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով կան մեղադրվող անձինք որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու պիտի արձանագրեմ, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ ճիշտ է կրակողները բացահայտված չեն, բայց սպանություններն ու այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Դա կարծում եմ, որ հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում: Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացի շրջանակներում պետք է քննվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ դրա նպատակն այն է, որ գործի մանրամասները հրապարակային չդառնան: Ըստ վարչապետի՝ նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում, որովհետև ոմանք հույս ունեն, ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ նույնին կհասնեն:

«Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ, կամարտահայտումը թույլ չտալու համար և այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Սպանությունների հեղինակները թիրախավորել են ՀՀ քաղաքացուն: Սպանություններ կատարողները բացահայտված չեն այն պատճառով, որ մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում կրակված պարկուճներով: Այն ժամանակվա իշխանությունները հոգ են տարել, որ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան: Ինչո՞ւ է դա արվել, այս հարցի պատասխանները կստանանք դատաքննության փուլում: Այդ պատճառով է , որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար»,-հավելեց վարչապետը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում