Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի ավիահարվածը «վախկոտ ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում» է անվանել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը դատապարտում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարավ-արևելքում հասցրած ավիահարվածը և նախազգուշացնում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Սիրիան խստորեն դատապարտում է ամերիկյան կողմի դրսևորած վախկոտ ագրեսիան, որն ուղղված է Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող Դեյր Զոր նահանգի շրջանների դեմ։ Այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Նախազգուշացնում ենք, որ այդ քայլը կհանգեցնի անցանկալի հետևանքների, որոնք իրենց հերթին տարածաշրջանում իրավիճակի սրում կառաջացնեն»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Դամասկոսի կարծիքով՝ Վաշինգտոնի ագրեսիվ գործողությունները բացասական ազդանշան են առ այն, որ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականության մեջ կպահպանի ոչ թե միջազգային իրավունքը, այլ «ջունգլիների օրենքը», ինչպես դա արել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:

«Սիրիան պահանջում է, որ Միացյալ Նահանգները փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ, դադարեցնի իր բազմաբնույթ աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, որոնք հարձակվում են Սիրիայի և նրա ժողովրդի վրա և դադարեցնի ներդրումներ կատարել այդ խմբերում»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պետնագոնում հայտարարել էին, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին պատկանող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս քայլը, ինչպես նշել է Պենտագոնը, պատասխան է Իրաքում վերջերս ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիոն ուժերի վրա հարձակմանը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս առնչությամբ շեշտել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ապավինում են իրաքյան կողմի հետախուզական տեղեկատվությանը և վստահ են հարվածի ճշգրտության հարցում: Դեպքից հետո հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին: Նա նշել էր, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացված ավիահարվածներից հետո Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին