ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ ՀՀ նախագահին են ներկայացրել իրենց տեսակետները երկում ստեղծված իրավիճակի հետ կապված:
«Մենք խնդրեցինք նախագահին, որ որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում արտառոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը և առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ»,- ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով` նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը և հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի իր դիրքորոշումը:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» Ազգային ժողովի դիմաց ժամը 18:00-ին կանցկացնի հանրահավաք, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կներկայացնեն շարժման հետագա քայլերը:
Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվեցին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին և գիշերն անցկացրին այնտեղ: