Մշակույթ

Գիրք նվիրելու տոնին հայաստանյան հրատարակչությունները մեկ հարթակում ներկայացրին լավագույն գրքերը

5 րոպեի ընթերցում

Գիրք նվիրելու տոնին հայաստանյան հրատարակչությունները մեկ հարթակում ներկայացրին լավագույն գրքերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա առթիվ «ՋիԷսԷմ», «Էդիթ Պրինտ», «Զանգակ» հրատարակչությունները վերջին շրջանում լույս ընծայած լավագույն ստեղծագործությունները ներկայացրին մեկ հարթակում՝ Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «ՋիԷսԷմ»-ի հիմնադիր տնօրեն Սմբատ Գյուրջյանն ասաց, որ Գիրք նվիրելու օրը կարևոր ավանդույթ է համարում. Նշանակալի տոն, որն արմատավորվել է մեր հասարակությունում: «Կար մի շրջան, երբ գիրքը երկրորդ պլան էր մղված, բայց նման նախաձեռնությունների շնորհիվ գրքի, ընթերցանության հանդեպ մարդկանց սերը վերականգնվում է: Առանց գրքի, առանց կրթության ապագա չունի ոչ մի սերունդ, ոչ մի ազգ»,-ընդգծեց Գյուրջյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց հրատարակչությունը գրքի տոնին ներկայացրել է փոքրիկների համար նախատեսված յուրատիպ, յուրահատուկ գրքեր, խաղ-խճանկարներ, որոնք անտարբեր չեն թողնի ոչ ոքի: «ՋիԷսԷմ»-ի գրքերը խոսում են, երգում են: Ցուցադրված էին Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Խնկո Ապոր և ալ հեղինակների գրքեր, որոնք երեխան կարող է ոչ միայն ընթերցել, այլև ներկել, նկարել և այլն:

Գրող, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանն էլ շեշտեց, որ տոնի շրջանակում երեք նոր գրքի շնորհանդես են նախաձեռնել: Ներկայացնելու են ժամանակակից գրողներ Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո», Հայկ Սիրունյանի «Ադամամութ», Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» գրքերը: «101 բիզնես գաղտնիքներ» գրքի շնորհանդեսն է նախատեսվում նաև: Վերահրատարակվել են «Աշխարհի իմաստուն հեքիաթներ», «Հայ ժողովրդական հեքիաթներ» գրքերը՝ համալրումներով և նոր նկարազարդումներով:

Նա ընդգծեց, որ «Էդիթ Պրինտ»-ը շատ է անդրադառնում Հովհաննես Թումանյանին, հրատարակում է գրքեր, որոնք վերաբերում են հեղինակի մանկությանը, ընտանիքին, ներկայացնում են քննադատ, հանրագիտակ Թումանյանին: «Կարծում եմ՝ փոքր տարիքից պետք է սկսել ընթերցել: Եթե ընթերցասեր սերունդ ունենանք, երկիրն ավելի զարգացած կլինի: Կարդացած մարդուն խաբել հնարավոր չէ: Յուրաքանչյուր ծնող պետք է օրինակ ծառայի իր երեխաներին, ոչ թե նրանց ստիպի կարդալ, բայց ինքը չընթերցի»,-շեշտեց Սամվելյանն ու հավելեց, որ ուրախանում է, որ շատ ծնողներ երեխաների ձեռքը բռնած գալիս են գրադարան՝ նշելու այս գեղեցիկ տոնը. կամաց-կամաց գրադարանային կյանքը վերականգնվում է, գրադարանները համալրվում են ու այցելուները շատանում:

«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքով՝ փետրվարի 19-ը կարևոր նշանակություն ունի, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, Գիրք նվիրելու տոնն է: «Շատերը կարծում են, որ այն համաշխարհային տոն է, բայց մենք գիտենք, որ Գիրք նվիրելու օրը Լևոն Անանյանի նախաձեռնությամբ է կյանք ստացել մեր երկրում և տարիների ընթացքում էական դեր խաղացել հատկապես հրատարակչական և գրական աշխարհում: Այս օրերին մամուլի ուշադրությունն էլ ավելի է սևեռվում հրատարակչական ոլորտին, տարբեր միջոցառումներ, շնոհանդեսներ են կազմակերպվում»,-ասաց հրատարակչության գործադիր տնօրենը:

Մկրտչյանն ընդգծեց, որ ներկայացնում են վերջին տարիներին հրատարակված գրքերը: Չնայած 2020-ը անակնկալներով լի էր, հրատարակչական բաժինը չի դադարել գործել, աշխատել են նաև տանից և շարունակել են նախաձեռնած նախագծերը կյանքի կոչել: 2020-ին հրատարակել են տասնյակ նոր գրքեր՝ մանկական, համաշխարհային, թարգմանական գրականություն, տարբեր եվրոպական աշխարհահռչակ գրողների, հայ հեղինակների գործեր: Բոլորը նկարազարդ են՝ բարձրորակ տպագրությամբ:

«Թումանյանին նվիրված երեք նախագիծ ենք իրականացնելու: Հրատարակելու ենք Թումանյանի թարգմանությունները, կյանքին ու գործունեությանը վերաբերող գիրք՝ նախատեսված մանուկների համար»,-եզրափակեց Մկրտչյանը:

Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ2008թվականից:

Գիրք նվիրելու օրվաշրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

ԱնԺելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում