ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին՝ համագործակցության եւ տարբեր ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանի եւ ՄԱԶԾ-ի միջեւ գործակցությանը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԱԺ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար: Նա խոսել է նաեւ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացված տարբեր ծրագրերի մասին:
Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է անցած տարի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, դրա ծանր հետեւանքներին՝ առաջնահերթ համարելով հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի հարցը: Խորհրդարանի խոսնակի կողմից կարեւորվել է նաեւ պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական այլ խնդիրների շուտափույթ հաղթահարումը եւ դրանում միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածությունը:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դմիտրի Մարիյասինին նորանոր հաջողություններ է մաղթել իր հետագա գործունեության ընթացքում: