«Իմ քայլը»-ից դուրս եկածները պետք է բացատրեն՝ ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր. Ռուբինյան
2 րոպեի ընթերցում
![«Իմ քայլը»-ից դուրս եկածները պետք է բացատրեն՝ ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր. Ռուբինյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/01/1039729.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է «Իմ քայլը»-ի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով խմբակցությունից՝ մի քանի պատգամավորների դուրս գալուն:
Ռուբինյանը նախ հիշեցրել է՝ «Իմ Քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք՝ Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը: «Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում»,-նշել է Ռուբինյանը:
Պատգամավորը հավելել է, որ ինքը զերծ է մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ Քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին։
«Որպես գերակշիռ քաղաքական մեծամասնություն՝ «Իմ Քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-նշել է պատգամավորն ու սա համարել անառարկելի ու անշրջելի իրողություն: