Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու հիմա նպատակահարմար չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը
3 րոպեի ընթերցում
![Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու հիմա նպատակահարմար չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038052.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարում հիմա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ երկրի առաջ ծառացած են բազմաթիվ չլուծված հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ինչո՞ւ, օրինակ, հենց հիմա արտահերթ ընտրություններ հնարավոր չեն կամ չարժե անել: Մի պարզ պատճառով, որովհետև արդեն ասացի՝ կա գերիների չլուծված հարց, կան որոնողական աշխատանքներ, որոնք ահավոր դժվար են գնում և հասկանալի պատճառներով, այդ թվում՝ Հայաստանի ներքին իրավիճակը լարելու համար Ադրբեջանն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում այդ աշխատանքների համար: Իսկ այդ արտահերթ ընտրությունների ընթացքում քարոզարշա՞վ է տեղի ունենալու: Բա այդ հարցերն ի՞նչ են լինելու: Ո՞վ է զբաղվելու այդ հարցերով»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ կոչերին և հայտարարություններին, Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդն իշխանությունն ի պահ է տվել իրեն:
«Վարչապետի կարգավիճակում՝ որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ես նաև ժողովրդի իշխանություն ձևավորելու հնարավորության և լիազորության պահպանողն եմ: Այսինքն՝ ի պահ է հանձնվել այդ իշխանությունն ինձ: Ոչ թե իշխանությունը, այդ կարգավիճակը պատկանում է ինձ, այլ այդ իշխանությունն ի պահ է հանձնվել ինձ, իսկ այդ կարգավիճակի տերը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ այդ իշխանության հետագա ճակատագրի համար ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ»,- նշել է վարչապետը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: