Տարածաշրջանային

Դամասկոսը Անկարային մեղադրում է Սիրիայի հյուսիսում ջրամատակարարումն արգելափակելու մեջ

2 րոպեի ընթերցում

Դամասկոսը Անկարային մեղադրում է Սիրիայի հյուսիսում ջրամատակարարումն արգելափակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նամակներ է ուղարկել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կապված Թուրքիայի գործողությունների հետ, որը Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Հասաքե նահանգի ավելի քան մեկ միլիոն բնակիչների զրկել է քաղցրահամ ջրից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է սիրիական պետական լրատվական SANA գործակալությունը։

«Թուրքիան արգելափակել է Ալ-Հասաքեի ավելի քան մեկ միլիոն բնակիչների ջրի մատակարարումը։ Սա օկուպացիայից և ագրեսիայից բացի, բացահայտ ռազմական հանցագործություն է»,- նշված է Սիրիայի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Սիրիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջում է անհապաղ միջամտել և ստիպել Թուրքիային վերսկսել Ուլուկի ջրակայանի աշխատանքը և դադարեցնել Սիրիայի քաղաքացիների իրավունքները, արժանապատիվ և լիարժեք կյանքը սահմանափակող գործողությունները:

Սիրիայի պետական լրատվամիջոցները դեկտեմբերի 7-ին հաղորդեցին, որ Ալ-Հասաքե նահանգի հյուսիսում գտնվող Ուլուկի ջրակայանի աշխատանքը դադարեցվել է այն բանից հետո, երբ ահաբեկիչները վնասել են կայանի էլեկտրահաղորդման գիծը: Պարբերաբար տեղի են ունենում թուրքամետ գրոհայինների դիվերսիոն գործողություններ, որոնք ուղղված են Ուլյուկի ջրակայանի աշխատանքի խափանմանը: Այս տարվա մարտին և ապրիլին բնակիչները 2-3 շաբաթ անընդմեջ մնացել են առանց քաղցրահամ ջրի: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը մի քանի անգամ պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` խնդրելով ազդել Անկարայի վրա և ուշադրություն հրավիրել Ալ-Հասակե նահանգում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Սեդրակ Սարգսյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում