«Իմ քայլը» ցանկանում է գերիների հարցը խորհրդարանում քննարկել դռնփակ
1 րոպեի ընթերցում
![«Իմ քայլը» ցանկանում է գերիների հարցը խորհրդարանում քննարկել դռնփակ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1037055.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նիստն ընդմիջվեց 20 րոպեով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման խնդրանքով նիստը նախագահողին դիմեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Խմբակցության ղեկավարը ընդմիջում խնդրեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը փակ ռեժիմով անցկացնելու հարցի քվեարկման ընթացքում: Ըստ «Իմ քայլը» խմբակցության՝ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերի ընկած անձանց փոխանակման հարցը պետք է քննարկել դռնփակ, ինչին դեմ էր արտահայտվում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ պատճառաբանելով, որ այդ հարցը պետք է քննարկվի բաց ռեժիմով, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինել ամեն ինչից:
«Մենք առաջարկում ենք և կոչ ենք անում ձեզ նույնպես քվեարկել, որպեսզի փակ ռեժիմով անցկացվի քննարկումը, բայց քանի որ այս պահին մեր որոշ պատգամավորներ մի փոքր ուշանում են, ես խնդրում եմ 20 րոպե ընդմիջում»,- ասաց Մակունցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստին: Ազգային ժողովի նախորդ քառօրյա նիստի ընթացքում խմբակցության անդամները հայտարարել էին, որ իրենց համար այժմ չկա այլ օրակարգ, բացի վարչապետի հրաժարականի հարցից: