Միջազգային

Իսրայելի վարչապետը գաղտնի հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և ԱՄՆ պետքարտուղարի հետ

3 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը գաղտնի հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և ԱՄՆ պետքարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այց է կատարել դեպի Սաուդյան Արաբիա, այնտեղ մասնակցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եռակողմ հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Yenişafak լրատվական կայքը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելի` «արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման» գործընթացում, որը սկսվել էր Բահրեյնից և Արաբական Միացյալ Էմիրություններից, նոր կարևոր զարգացումներ են տեղի ունենում։ Իսրայելական Haaretz թերթը գրել է, որ այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել է իսրայելական հատուկ ծառայությունների (Mosad) տնօրեն Յոսի Կոենը: Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն մասնավոր ինքնաթիռով կարճատեւ այց է կատարել Սաուդյան Արաբիայի Կարմիր ծովի ափին գտնվող Նեոմ քաղաք: Նախկինում հայտարարվել էր, որ Մուհամմադ Սալմանն ու Պոմպեոն հանդիպում են ունեցել հենց այս քաղաքում։ Կատարվածի վերաբերյալ Նեթանյահուի գրասենյակը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ Իսրայելում ստորագրված կարգավորման համաձայնագրերը, որոնք հիմնականում ունեին հակաիրանական ուղղվածություն, առաջ են բերել պաղեստինցիների դժգոհությունը: Իսրայելն ակտիվորեն շարունակում է արաբական երկրների մեջ դաշնակիցների «փնտրտուքը»։ Վերջերս հայտարարվեց, որ Իսրայելի կառավարությունը սերտ հարաբերությունների մեջ է Սուդանում Օմար ալ-Բաշիրի տապալումից հետո իշխանության եկած անցումային կառավարության հետ: Իսրայելը քայլեր է ձեռնարկում նաև Սաուդիան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն Էր-Ռիադի վարչակազմը մինչ այժմ պաշտոնապես հրաժարվում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հարաբերությունների կարգավորման նախապայման են համարում պաղեստինցիներին խոստացված անկախ պետության տրամադրումը։ Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան վերջերս թույլատրել է իսրայելական ավիաընկերություններին օգտագործել Սաուդյան Արաբիայի օդային տարածքը՝ դեպի Ծոցի երկրներ և Ասիա թռիչքներ իրականացնելու համար։

Սեդրակ Սարգսյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում