Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին. Կապառոս
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում տոնած հաղթանակը կապում է մեծ աշխատանքի հետ:
«Շատ ուրախ եմ և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապառոսի խոսքը փոխանցում է ՀՖՖ-ն:
Իսպանացի մասնագետի խոսքով` հավաքականն ունի իր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնել: «Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին»,- ասել է նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայիC դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայիB դիվիզիոնում: