Քաղաքականություն

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության խնդիրն է երկրում ձևավորել համաձայնության մթնոլորտ։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծում է` Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին Փաշինյանն անդրադարձել է թեմային` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք պատկերացնու՞մ է ազգային համաձայնության կառավարություն, որը կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել:

Փաշինյանը պատասխանեց. «Շատ ավելի կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը: Միշտ չէ, որ կառավարությունների ձևավորմամբ՝ համաձայնության վերնագրի ներքո, ձևավորվում է համաձայնության մթնոլորտ: Մեր խնդիրն է հիմա ձևավորել համաձայնության մթնոլորտ: Եվ կարծում եմ, որ այդ համաձայնության մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն և անվտանգություն»:

Վարչապետը կարծում է, որ հանրության ըմբռնումները, պահվածը, դիրքորոշումը դրա ամենավառ ապացույցն են: Նա վերահաստատեց նոյեմբերի 10-ից հնչեցրած իր միտքը: «Կայունությունն ու անվտանգությունը, որոնց նպատակը խորքային ժողովրդավարության երաշխավորումն է, մեր առաջնահերթությունն է, և մենք ունենք բավարար ներուժ՝ այդ հարցը լուծելու համար»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցերին՝ վարչապետը շեշտեց` ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության: «Ես սա ասել եմ և հիմա էլ այդպես եմ կարծում, այդպես լինելու է միշտ: Եվ մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա»,-նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ վարչապետն ասաց, որ հիմա քննարկումների շրջանն է, սակայն կառուցվածքային փոփոխության հարց այս պահին չի քննարկվում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ուղերձով առաջարկել էր Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ կառավարումը հանձնել բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում