Տարածաշրջանային

Թուրքիան Ֆրանսիային որակավորում է իբրև «ավազակային» պետություն

2 րոպեի ընթերցում

Թուրքիան Ֆրանսիային որակավորում է իբրև «ավազակային» պետություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարություն է արել, որում Ֆրանսիային որակել է որպես «ավազակային» պետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, ԹԱՄԺ նախագահ Շենթոփը, նոյեմբերի 7-ին անդրադառնալով Ֆրանսիայում 4 անչափահասի ձերբակալությանը, ասել է. «Սա պետության ձեռքով արված ավազակություն է: Արդեն երկար ժամանակ է, ինչ Ֆրանսիայում բոլոր մուսուլմաններին անհանգստացնող զարգացումներ են տեղի ունենում: Սրա պատասխանը, անպայման պետք է տրվի օրենքի սահմաններում»:

Շենթոփն իր խոսքում նշել է, թե մուսուլմանների նկատմամբ Ֆրանսիայի գործելաոճը արդեն դուրս է եկել վերահսկողությունից: «Խոսքի ազատությունից օգտվելով՝ իսլամական կրոնին և նրա մարգարեին վիրավորանքներ ուղղելու հակառակ կողմում մենք կարծում ենք, որ պետք է ձեռնարկվեն որոշակի քայլեր, որոնք կստիպեն բացահայտել վիրավորանք հնչեցնողներին»,- եզրափակել է Շենթոփը:

Հոկտեմբերի 19-ին Սամուել Փաթիի սպանության դեպքի հետ առնչվող 15 անձ էր ձերբակալվել, որոնցից 4-ը 10 տարեկան անչափահասներ են: Ըստ ֆրանսիական ոստիկանության կա վարկած, որ այդ 4 երեխաները (3-ը՝ թուրք) օգնել են մարդասպանին իդենտիֆիկացնել զոհին: Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիան հետ էր կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Այն հետևել էր Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորական արտահայտություններին։ Կայսերիում տեղի ունեցած՝ Թուրքիայի «Ազատություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 7-րդ համագումարում Էրդողանը ասել էր․«Մակրոնը հոգեբանի կարիք ունի»։ Նոյեմբերի 1-ին Թուրքիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մագրոն վերադարձել էր Անկարա:

Էմմա Արդարյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում