Ղարաբաղյան հիմնահարց

Մարտունիում Ադրբեջանի կողմից հրետակոծությունից զոհեր և վիրավորներ չկան

2 րոպեի ընթերցում

Մարտունիում Ադրբեջանի կողմից հրետակոծությունից զոհեր և վիրավորներ չկան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի շրջկենտրոնում և հարակից բնակավայրերում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Վադիմ Դանիելյանը՝ ներկայացնելով նաև ժամը 10:50-ի սահմաններում տեղում տիրող իրավիճակը: «Գիշերը ժամը 3-ից մինչև վաղ առավոտ հրետակոծվել է քաղաքը: Այս պահին, մոտ 2 ժամ է, որ հանգիստ է: Ավերված շինություն կա: Խաղաղ բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- նշեց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Մարտունիում ջրի մատակարարումը իրականացվում է նորմալ, գազը՝ մասնակի, մոտ 30 տոկոսով, իսկ հոսանք չկա:

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։

Վան Նովիկով

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում