Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ռազմական գործողություններում չթիրախավորել խաղաղ բանկիչներին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ռազմական գործողություններում չթիրախավորել խաղաղ բանկիչներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակել բանակցությունները, ռազմական գործողությունների ընթացքում առավելագույնս խնայել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակՍտեֆան Դյուժարիկը:

Դրանում նշվում է, որ գլխավոր քարտուղարը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու մասին:

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է բռնությունը՝ նշելով, որ կողմերը պարտավոր են, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ռազմական գործողությունների իրականացման ընթացքում առավելագույնս խնայել և պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հայտարարությունում նշվում է նաև, որ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և անհապաղ իրականացնել այն կոնկրետ քայլերը, որոնք պայմանավորվել են ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի միջոցով, ինչպես նաև նախկին պարտավորությունները: Նա կողմերին կոչ է արել շարունակել առարկայական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը համանախագահների հետ ՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու համար:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 30-ի հանդիպումից և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից հետո հոկտեմբերի 31-ի լուսաբացից Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունը՝ հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Շուշիին, Մարտունուն: Քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:Մարտունու շրջանի Հերհեր գյուղի հրետակոծության հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում