Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

2 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԽ քարտուղարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: ԱԽ քարտուղարը ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությամբ, հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկչներ հավաքագրմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերով։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Արցախ:

Դեսպան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում