Ղարաբաղյան հիմնահարց

Պատերազմից հետո հիշելու ենք լռողներին. արցախցի կանայք չլռելու կոչ են անում միջազգային կառույցներին

5 րոպեի ընթերցում

Պատերազմից հետո հիշելու ենք լռողներին. արցախցի կանայք չլռելու կոչ են անում միջազգային կառույցներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի կանայք, որոնք Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող պատերազմի պատճառով ստիպված լքել են իրենց տներն ու ժամանակավորապես հաստատվել Երևանում, միջազգային կառույցներին ու աշխարհի պետություններին կոչ են անում չլռել Արցախի դեմ ընթացող պատերազմի և Ադրբեջանի ու Թուրքիայի հանցագործությունների մասին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Սիրանուշ Սարգսյանը:

«Պատերազմից հետո մենք հիշելու ենք ոչ թե նրանց, ովքեր խոսում են, այլ հենց լռողներին ենք հիշելու: Սա թող կոչ լինի բոլոր կառույցներին ու երկրներին: Մենք հիշելու ենք լռողներին, ուստի մի լռեք»,- ասաց Սարգսյանը:

Նախաձեռնության խմբի անդամները սկսել են բողոքի ցույցերի շարք և Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպություններին ու տարբեր երկրների դեսպանություններին ներկայացնում են իրենց պահանջներն ու կոչ անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ագրեսիան:

«Ով, եթե ոչ մենք կարող ենք ավելի լավ ներկայացնել այն, ինչ տիրում է Արցախում, ներկայացնել մեր անձնական պատմությունները միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ու դեսպանատներին: Սկսեցինք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույց իրականացնելով: Կարողացանք այնպիսի աղմուկ բարձրացնել, որ հնարավորություն ստացանք հանդիպելու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Հանդիպումը բավական խոստումնալից էր, Շարփը հայտնեց իր մտահոգվածությունը, նշեց, որ փորձում են մարդասիրական խողովակ բացել դեպի Արցախ: Սակայն, հասկանում ենք, որ դրա համար անհրաժեշտ է, որ թույլտվություն լինի միջազգային կառույցի ղեկավարությունից, ինչը մինչ օրս չենք տեսնում»,- նշեց նախաձեռնող խմբի անդամ Իրինա Սաֆարյանը:

Արցախցի կանայք իրենց պահանջները ներկայացրել են նաև ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացված ակցիայի ընթացքում, իսկ այժմ սպասում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպմանը:

«ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և պատասխանատվություն է կրում Արցախյան հակամարտության կարգավորման համար` իր չափաբաժնով: ԱՄՆ-ն ընտրել ենք նաև այն պատճառով, որ Թուրքիան, որն այս պատերազմում ավելի մեծ ներգրավվածություն ունի, քան մեր անմիջական թշնամին` Ադրբեջանը, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի հիմնական գործընկերներից մեկը: Նորություն չէ, որ հենց ամերիկյան զինատեսակներն են այսօր օգտագործվում Արցախի խաղաղ բնակչության դեմ, ավերում Ստեփանակերտը, մյուս քաղաքներն ու գյուղերը: Այս ամենն իրականացվում է ԱՄՆ օրենսդրությունը խախտելով, որովհետև, ըստ այդ օրենսդրության, իրենց զինատեսակները չեն կարող առանց ԱՄՆ թույլտվության հայտնվել այլ երկրներում: Այս ամենը ներկայացրել ենք դեսպանատան առջև կազմակերպված ցույցի ժամանակ, հենց դեսպանատան ներկայացուցչին»,- ասաց Սիրանուշ Սարգսյանը:

Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը հավելեց, որ իրենք չեն հանդուրժելու, որ պատերազմը հրահրող Թուրքիան ներխուժի բանակցային գործընթաց:

«Մենք սերունդներով կոտորվում ենք, մեզ սերունդներով փորձում են վախեցնել, որպեսզի մենք լքենք մեր բնակավայրերը, մեր գյուղերը, տները, եկեղեցիները, մեր հարազատների գերեզմանները: Այդպես չի լինելու: Մենք չենք հանդուրժելու, որ կեղծ օրակարգով այսօր Թուրքիան ներխուժի բանակցային գործընթաց: Մենք չենք հանդւորժելու, որ Թուրքիան մնա անպատիժ: Մենք պահանջում ենք միջազգային պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ»,- նշեց Լիանա Ադամյանը:

Արցախի կանանց նախաձեռնող խումբն իր հաջորդ բողոքի ակցիան կիրականացնի հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի դիմաց:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով իր ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում