Միջազգային

ՌԴ-ն Թուրքիային երբեք չի համարել ռազմավարական դաշնակից. Լավրով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Թուրքիային երբեք չի համարել ռազմավարական դաշնակից. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիային երբեք չի դիտարկել որպես իր ռազմավարական դաշնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ուղիղ եթերում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

«Մենք երբեք Թուրքիային չենք դիտարկել որպես մեր ռազմավարական դաշնակից: Այն սերտ գործընկեր է, շատ ոլորտներում այդ գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի»,-ասաց Լավրովը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում