Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանի վարքագծից կախված Արցախն իր անկախության ճանաչման կոչով կարող է դիմել ՀՀ-ին և այլ երկրներին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի վարքագծից կախված Արցախն իր անկախության ճանաչման կոչով կարող է դիմել ՀՀ-ին և այլ երկրներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կդիմի ՀՀ իշխանություններին, միջազգային կառույցներին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար, եթե Ադրբեջանն առաջիկա 1-2 օրվա ընթացքում պատրաստակամություն չհայտնի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց մամուլի ասուլիսին:

«Դեռ վերջնական չեմ ուզում ասել արդեն ձևավորված կոալիցիայի, ահաբեկիչների, Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքն ինչպիսին է լինելու, ինչքանով են հարգելու ՌԴ-ի միջնորդությունը, ինչքանով են հարգելու միջազգային կառույցների կոչերը, հայտարարությունները և խորհուրդները ու գալու կրակի դադարեցման, որպեսզի առաջին հերթին լուծենք հումանիտար խնդիրները, հետո միայն բանակցությունների գնանք: Այս տարածաշրջանում ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի և ինչ-որ տեղ Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ թաքնված են շատ ավելի ծանր, մարդկությանը վտանգ սպառնացող խնդիրներ կամ ծրագրեր»,- նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց՝ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, ապա դիմելու է առաջին հերթին ՀՀ իշխանություններին, այնուհետև միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը:

«Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, որոնք հարգում են միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքը: Աշխարհը կտեսնի նաև այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին: Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին՝ աջակցում են միջազգային տեռորիզմին, և պետք է դրանց ցուցակագրել, ու այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը: Այդ բոլոր իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության և, ամենակարևորը, Աստծո առաջ»,- ասաց ԱՀ նախագահը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցում ՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Սակայն, անտեսելով պայմանավորվածությունը, ադրբեջանական ստորաբաժանումները ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել են կրակի դադարեցման ռեժիմը: Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Հակառակորդը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրթիռակոծել է նաև Ստեփանակերտը, Շուշին և այլ խոշոր քաղաքներ։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում