Ղարաբաղյան հիմնահարց

Չկա խնդիր, որ վայրկյանների ընթացքում չլուծվի. ԱՀ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանությանը

3 րոպեի ընթերցում

Չկա խնդիր, որ վայրկյանների ընթացքում չլուծվի. ԱՀ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Արցախի, նաև սփյուռքի համախմբվածությունը լինելու է հաղթանակի գրավականը. չկա մի խնդիր, որ վայրկյանների ընթացքում լուծում չստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նախագահը նախ շնորհակալություն հայտնեց սփյուռքի, Հայաստանի հայրենակիցներին: «Հպարտության շատ օրեր եմ ապրել առաջնագծում՝ տեսնելով մեր զինվորների հերոսությունը, բայց ոչ պակաս նման դրական ապրումներ եմ ունեցել՝ լսելով ամենուրեք ձեր պահվածքը, ՀՀ-ում ձեր վերաբերմունքը՝ Արցախից տեղափոխված մեր հայրենակիցների նկատմամբ, դրամահավաքը, որը շարունակվում է ամեն օր՝ միջինը 10 մլն դոլարի սահմանում»,-ասաց Արցախի նախագահը:

Նա շեշտեց նաև այն պայքարը, որը սկսված է ամենուրեք՝ գրեթե բոլոր երկրներում տվյալ երկրների իշխանություններին կոչ անելով աջակցել Արցախի ժողովրդին, հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի նախագահը նշեց նաև, որ չի կարող հատուկ շնորհակալություն չհայտնել ՀՀ իշխանություններին: «ՀՀ իշխանությունների հետ այս փուլում ոչ թե ներդաշնակ իրականացնում ենք, այլ միասին ենք իրականացնում ամբողջ գործընթացը՝ կառավարման, մարտական և այլն: Հատուկ ուզում եմ կարևորել վարչապետի դերակատարությունը, որի հետ կապի մեջ ենք ոչ թե 1-2 անգամ, այլ եթե կապ է լինում, առնվազն ժամը մեկ: ՀՀ իշխանությունները տեղեկացված են ամբողջ գործընթացից՝ առաջնագծի և ժողովրդի առօրյայի մասով, ժողովրդի խնդիրների առումով, և չկա մի խնդիր, որ վայրկյանների ընթացքում լուծում չստանա: Եվ այս համախմբվածությունը, որը կա, պետք է շարունակել»,-ասաց Հարությունյանն ու շեշտեց, որ դա է լինելու հաղթանակի գրավականը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Սակայն, անտեսելով դա, ադրբեջանական ստորաբաժանումները րոպեներ անց խախտել են կրակի դադարեցման ռեժիմը: Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Հակառակորդը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրթիռակոծել է նաև Ստեփանակերտը, Շուշին և այլ խոշոր քաղաքներ։

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում