Սպիտակ տան կայքում առցանց ստորագրահավաք է սկսվել ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու խնդրագրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան կայքի We the People բաժնում սկսվել է առցանց ստորագրահավաք՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խնդրագրում նշվում է, որ Թուրքիան / Ադրբեջանը իրենց վարձկան ԴԱԻՇ ահաբեկիչների հետ պատերազմ են սկսել ընդդեմ Հայաստանի և Արցախի ՝ հայ ազգը և նրա պապենական հողերը ոչնչացնելու համար: Նշվում է նաև, որ դարեր շարունակ Արցախը Հայաստանինն է եղել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագրով կոչ է արվում.

1.Հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից, հայտարարել ահաբեկչության հովանավոր

2.Արգելել Թուրքիային օգտագործել ՆԱՏՕ-ին պատկանող զենքերը ՝ ԱԹՍ ռմբակոծիչներ, միջուկային զենք, F-35 ինքնաթիռներ

3.Փակել Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազաները

4.Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

5.Դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային, Ադրբեջանին, աջակցություն ցուցաբերել Հայաստանին

6.Ճանաչել Արցախի անկախությունը

7.Կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություն կատարելը:

Սպիտակ տան կողմից խնդրագրի վերաբերյալ արձագանք ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար առցանց ստորագրություն, արդեն ստորագրել են 71 հազար 623 անձինք, մինչև հոկտեմբերի 28-ը անհրաժեշտ է հավաքել ևս 28 հազար 377 ստորագրություն:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված