ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հարավում սեպտեմբերի 22-ին պայթել է «Հեզբոլլահ» շիա մուսուլմանական խմբավորման զենքի պահեստը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա»-ն, լիբանանյան NNA պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հարավային էն-Կանա գյուղում՝ մայրաքաղաք Բեյրութից մոտ 50 կմ դեպի հարավ:
«Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը «Ալ Ջազիրա»-ին հայտնել է, որ պայթյունը պայմանավորված է եղել իրենց զինապահեստում «տեխնիկական սխալով», որի պատճառով երկնքում սև ծուխ է գոյացել:
«Այդ պայթյունը տեղի է ունեցել այն տանը, որտեղ պահվում էր զենքը, տեխնիկական սխալի արդյունք է։ Ոչ ոք չի սպանվել կամ վիրավորվել. շենքը պատկանել է «Հեզբոլլահ» հետ ասոցացված ականազերծման ասոցիացիային»,- Բեյրութից հաղորդել է «Ալ Ջազիրա»-ի թղթակից Զեյնա Խոդրը:
Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին նույնպես տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որը պայմանավորված էր գրեթե 3000 տոննա ամոնիակային սելիտրայի ոչ ճիշտ պահպանմամբ: Այդ պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, վիրավորվել՝ 6500-ը և վնասվել են տասնյակ հազարավոր շենքեր երկրի մայրաքաղաք Բեյրութում:
Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում գտնվող ավտոդողերի և վառելիքա-քսուքային նյութերի պահեստում հրդեհ էր բռնկվել, տուժածներ չեն եղել: Սեպտեմբերի 15-ին էլ սեպտեմեբերի 15-ին Բեյրութի կենտրոնում կառուցվող առևտրային համալիրում նույնպեսհրդեհ էր բռնկվել:
Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը