Իրավունք

«Լուսավոր Հայաստանը» ևս չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրության քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստանը» ևս չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրության քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության քվեարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկմանն ասաց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Անանկալ չի լինի, եթե ասեմ, որ մենք էլ չենք մասնակցելու քվեարկությանը: Հակաիրավական գործընթացը, որն այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է: Եվ այս ընտրությունը նաև այդ հակավիրավական գործընթացի հետևանքն Է»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Սիմոնյանը հավելեց՝ ինքը որքան էլ մեծ ցանկություն ունենա քվեարկելու հատկապես իր դասախոսի և մյուս թեկնածուների օգտին, դրա հնարավորությունը չունի՝ շեշտելով՝ ինչպես ճշմարտությունն է ավելի կարևոր, այնպես էլ Սահմանադրությունն է ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք, քան մնացած արժեքները՝ իրավական բնագավառում:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էր հայտնել, որ չի մասնակցելու դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությանը:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամներ կամ դատավորեր չեն։ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում