Դիլիջանում կայացավ «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման արարողությունը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մարզահրապարակում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին մասնակցում ենՀայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։

Մրցույթի բացման արարողությունն անցկացվեց բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը։ Զինծառայողները ժամանումից անմիջապես հետո հանձնել են COVID-19-ի թեստ և բոլորի պատասխանները բացասական են եղել, այդ իսկ պատճառով միջոցառման ժամանակ նրանք դիմակ չէին դրել։

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը շնորհավորեց բոլոր զինվորներին «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացման արարողության առթիվ։

«Մենք վստահ ենք, որ այս մրցումները մեծ ներդրում կլինեն մասնակից երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման գործընթացում»,- նշեց Պողոսյանը։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ողջունեց մասնակիցներին և պարզաբանեց, որ տվյալ միջոցառումն անց է կացվում ամեն տարի՝ սկսած 2009 թվականից։

«Ավելի վաղ մրցույթն անցկացվել է բացառապես անկախ պետությունների համագործակցության ձևաչափով, ինչի պատճառով մրցումների մասնակիցներ կարող էին լինել միայն Համագործակցության երկրների թիմերը: 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Այսօր ինձ համար հատկապես հաճելի է արձանագրել, որ մրցույթին արդեն 3-րդ անգամ մասնակցում է Հունաստանի Հանրապետությունը։ Մենք նաև ուրախ ենք Հայաստանում տեսնել մրցումների ավանդական մասնակից երկրենրի ներկայացուցիչներին՝ Բելառուսից և Ռուսաստանից»,- ասաց Գասպարյանը։

Նա ընդգծեց, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթը կդառնա քաջության, խիզախության և մարտական եղբայրության տոն։ ԳՇ պետը բոլորին մաղթեց նորանոր բարձր արդյունքներ և ձեռքբերումներ:

Մրցութային ծրագիրը տևելու է 10 օր, այն ներառում է ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», «Պրոֆեսիոնալ», (վերջինիս ժամանակ օգտագործում են ռազմակիրառական ունակությունները (արգելագոտու հաղթահարում, վիրավորվածին մարտի դաշտից դուրս հանում), «Դանակի և նռնակի նետում», ինչպես նաև գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Մշակութային» մրցաձևերը։

Բելառուսի Հանրապետության թիմը ներկայացնող կապիտան Ալեքսանդրա Սիդորովան «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն 4 օր է, ինչ Դիլիջանում են և պատրաստվում են մրցումներին։

«Առավոտյան արթնանում ենք, վազում ենք 5 կամ 10 կմ: Այնուհետեւ ձգվում ենք, հատուկ վազքի վարժություններ ենք անում։ Մեր նախապատրաստական աշխատանքներն անցնում են բավականին համախմբված և ուժեղացված կերպով։ Մեր ուժերն ուղղված են հաղթանակին»,- ասաց Սիդորովան։

Հայաստանի ներկայացուցիչը՝ ավագ լեյտենանտ Հարություն Յախանյանը, ով արդեն 3-րդ անգամ է մասնակցում խաղերին, շեշտեց, որ իրենք լավ պատրաստված են, բազմաթիվ մարզաձևերից իրենք ուժեղ են։ Նա հույս հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես իրենց թիմը կկարողանա առաջին տեղը զբաղեցնել։

Յախանյանը ծառայում է Արցախի Հանրապետությունում՝ Ֆիզուլիի շրջանում։

Հունաստանի թիմից Հատուկ նշանակության ստորաբաժանման ավագ լեյտենանտ Ադամոպուլոս Էլեֆերիոսն ասաց, որ իրենք արդեն 2 օր է ինչ Հայաստանում են, հասցրել են կլիմային ադապտացվել։

«Մենք այս մրցույթին նախապատրաստվել ենք մոտ 3 ամիս։ Հիմնականում կենտրոնացել ենք վազքի և ուժային վարժությունների վրա։ Որքան հնարավոր է՝ մենք կձգտենք լավագույնս ներկայանալ և պատվավոր տեղ զբաղեցնել։ Նախորդ տարիների համեմատ, մեր թիմն այս անգամ ավելի պատրաստված է և ավելի ուժեղ»,- նշեց Էլեֆերիոսը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը միշտ հյուրասեր է եղել և այժմ էլ այդպես է, պայմանները շատ լավն են և ոչ մի դժգոհություն չունեն։

Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը։

Ընթացիկ տարում Բանակային միջազգային խաղերն անցկացվում են 10 պետության տարածքում:

Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: «Միջազգային բանակային խաղեր»-ի հանդիսավոր բացման արարողությունը նույնպես տեղի է ունեցել օգոսոտսի 23-ին: Խաղերն անցկացվելու են Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն العربية Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ