Թուրք լեռնագնացներն Արարատ լեռն աղբավայրի են վերածել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լեռնագնացներն Արարատ լեռը վերածել են աղբավայրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Սաբահը:
Համացանցում թուրք օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ սննդի և կենցաղային աղբի մեծ քանակությամբ մնացորդներ են երևում Արարատ լեռան վրա` 4200մ բարձրության հատվածում:
Սաբահի հոդվածագիրը նշում է, որ նրանց, ովքեր աղբի կույտերը թողնում են լողափերում և պիկնիկի վայրերում, անվանում են տգետ, իսկ Արարատ լեռը բարձրացող անձինք պրոֆեսիոնալ լեռնագնացներ են։ «Վայ մեզ, եթե նույնիսկ լեռնագնացներն են աղտոտում բնությունը»,- նշել է հոդվածագիրը:
Լրատվամիջոցը նշում է նաև, որ աղտոտված հատվածը գտնվում է 4200 մետր բարձրության վրա և քաղաքապետարանը չի կարող մաքրել այն: Հոդվածագիրը հավելում է, որ չպետք է դժվար լինի լեռն իջնելիս իջեցնել նաև հյութի դատարկ շիշը: