ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները հարցեր են ուղղել մամուլում շրջանառվող լուրերի և իրենց հուզող խնդիրների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավետիսյանն ասաց խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:
«Երեք ժամ ընթացած քննարկումների ժամանակ խմբակցության պատգամավորները հնչեցրեցին ինչպես մամուլի կողմից բարձրաձայնված հարցեր, այնպես էլ այլ հարցեր: Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել այդ հարցադրումների վերաբերյալ իմ մոտեցումները»,- ասաց Ավետիսյանը:
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ հանդիպելու պայմանավորվածություն դեռ չունի:
Հուլիսի 23-ին Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է:
Նորայր Շողիկյան