Միջազգային

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են ամերիկյան կործանիչների՝ իրանական ուղևորատար օդանավին մոտենալու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են ամերիկյան կործանիչների՝ իրանական ուղևորատար օդանավին մոտենալու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան կործանիչները մոտեցել են իրանական ուղևորատար օդանավին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՌԲԿ»-ն, իրանական Mahan Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը կատարել է Թեհրան-Բեյրութ չվերթը։ Al Mayadeen հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բեյրութում։ Իրանական լրատվամիջոցը, վկայակոչելով սիրիական անվտանգության մարմիններում իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկյան երկու F-15 կործանիչ Սիրիայի երկնքում մոտեցել են իրանական Mahan Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին։ Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել55 կիլոմետրանոց ոչ թռիչքային գոտու վրա՝ Իրաքի հետ սահմանին գտնվող էտ-Թանֆ սահմանային անցակետի շրջանում: Al Mayadeen-ի տվյալներով՝ ուղևորատար ինքնաթիռի օդաչուն արագ փոխել է բարձրությունը՝ կործանիչների հետ բախումից խուսափելու համար: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութում։ Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառով տուժել է մի քանի ուղևոր։ Այն մասին, որ իրանական ուղևորատար ինքնաթիռը բռնագրավել փորձող կործանիչներն ամերիկյան են եղել, նաև հաղորդում է իրանական ISNA գործակալությունը: Ավիաընկերության ներկայացուցիչը ISNA-ին տված հարցազրույցում հայտնել է, որ միջադեպի մանրամասները ճշտվում են: IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով էլ ուղևորատար ինքնաթիռը որսացող կործանիչները կարող են իսրայելական լինել։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում