Հասարակական

Վահե Ղազարյանը տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Վահե Ղազարյանը տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորեց ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը` համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձավ ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը: Խոսվեց, մասնավորապես, Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին, ինչպես և ներկայացվեցին նախատեսվող ծրագրերը։

Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորեց սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց մինչ այս ցուցաբերված աջակցության համար, որն ուղղվել է նոր ստեղծվելիք պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին:

Քննարկվեցին նաև Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես և համավարակի դեմ պայքարի համատեքստում՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրեա Վիկտորինը հաջողություն մաղթեց ոստիկանությանը՝ համավարակի դեմ պայքարում:

Քննարկվեցին Եվրամիություն-ոստիկանություն համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում