Էմիրաթական «Հույսի զոնդը» մեկնարկում է Մարսն ուսումնասիրելու իր պատմական ճանապարհորդությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի «Տանեգաշիմա» տիեզերական կենտրոնից «H2A» արձակման հրթիռի միջոցով ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակն հուլիսի 20-ին մեկնարկել է Մարսն ուսումնասիրելու իր պատմական ճանապարհորդությունը։ Ինչպես «Արմենպես»-ին տեղեկացրեցին Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանությունից, նախատեսվում է, որ մեկնարկից մեկ ժամ անց արբանյակը կառանձնանա հրթիռից, որից րոպեներ հետո կսկսեն գործել արեգակնային վահանակները, այնուհետև մոտավորապես 15-20 րոպե անց, տեղի կունենա առաջին կապի հաստատումը Մուհամմադ բին Ռաշիդ տիեզերական կենտրոնում գտնվող ցամաքային կառավարման կենտրոնի հետ, իսկ կենտրոնի տեխնիկական թիմը կսկսի վերլուծել արբանյակից ստացված տվյալները:

Ակնկալվում է, որ արձակումից 28 օր անց կսկսեն գործել զոնդի շարժիչն ու ուղորդման համակարգը՝ այն Մարսի ուղեծիր ուղարկելու համար։

«Հույսի զոնդը», որը համարվում է կարմիր մոլորակն ուսումնասիրելու առաջին արաբաիսլամական առաքելությունը, Մարս կհասնի 2021 թ․-ի փետրվարին՝ ԱՄԷ-ի կազմավորման հիսուներորդ տարեդարձի տոնակատարությունների ժամանակ՝ 7 ամսվա ընթացքում անցնելով 493 մլն կմ տարածություն։

Հատկանշական է, որ Էմիրությունների տիեզերական գործակալությունը և «Մուհամմադ բին Ռաշիդ» տիեզերական կենտրոնը հայտարարել են, որ Դուբայի «ալ Խավանեժ» ցամաքային հսկիչ կայանն ընդունել է զոնդից ստացված առաջին հեռարձակման ազդանշանը տեղական ժամանակով 03:10-ին:

Կենտրոնում աշխատանքային թիմը ներկայումս անցկացնում է ստացված տվյալների նախնական վերլուծություն՝ համոզվելու, որ զոնդի վիճակը և արևային վահանակների դիրքը համապատասխանում են նախատեսվածին։

«Ալ Խավանեժ» ցամաքային հսկիչ կայանի աշխատանքային թիմը հետևում է նաև զոնդի վիճակի վերաբերյալ բոլոր թարմացումներին, տվյալներին և կոորդինատներին՝ համոզվելու, որ դրա բոլոր գլխավոր և երկրորդական համակարգերն անվնաս են։

Հարկ է նշել, որ զոնդի արձակման նախապատրաստական վերջին փուլում առաջացել են մի շարք դժվարւթյուններ և խոչընդոտներ՝ կապված նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի տարածման հետ։ Ծրագրի աշխատանքային թիմը ստիպված է եղել օրական 24 ժամ աշխատել՝ ավարտելու ծրագրի բոլոր տեխնիկական պատրաստությունները և ապահովելու զոնդի անվնաս փոխադրումը Ճապոնիայի տիեզերական գործարկման կայան։

Ցամաքով, ծովով և օդով 83 ժամ տևած ճանապարհորդությունից հետո հասնելով Ճապոնիայի «Տանեգաշիմա» տիեզերական կենտրոն՝ «Հույսի զոնդը» ենթարկվել է բարձր ճշգրտության գործարկման փորձարկումների և նախապատրաստական աշխատանքների, որոնք ներառում էին շարժիչի փորձարկումից և վառելիքի լիցքավորումից մինչև էլեկտրահաղորդման, կապի, կառավարման, ջերմային և ծրագրային համակարգերի ստուգում:

Զոնդի առանձնանալը հրթիռից որակական կարևոր քայլ էր, որի նախապատրաստմանը մասնակցել է ավելի քան 200 էմիրաթցի ինժեներ։

Զոնդը Մարսի ուղեծրում կմնա մեկ մարսական տարի (687 օր) և կիրականացնի իր տեսակի մեջ առաջին գիտական առաքելությունն աշխարհում՝ ներկայացնելով ողջ տարվա ընթացքում Մարսի կլիմայական պայմանների առաջին համապարփակ պատկերը, ինչպես նաև ուսումնասիրելով մթնոլորտի վերին շերտի անհետացման պատճառները և դիտարկելով Մարսի մակերևույթի եղանակային երևույթները՝ ներառյալ փոշու փոթորիկների դիտարկումը, ջերմաստիճանի փոփոխությունները և դրանց պատճառների հայտնաբերումը:

Ստացված գիտական տվյալները կհավաքվեն Արաբական Միացյալ Էմիրությունների գիտական տվյալների կենտրոնում, իսկ ԱՄԷ-ի գիտական թիմը դրանք ինդեքսավորելուց և վերլուծելուց հետո անվճար հիմունքներով կփոխանցի աշխարհի տարբեր մասերում գտնվող գիտնականներին և մասնագիտացված հետազոտողներին:

«Հույսի զոնդի» ճամփորդության մեկնարկը հետաձգվել էր երկու անգամ Ճապոնիայում անկայուն եղանակային պայմանների պատճառով։

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում