Հասարակական

Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար. քաղաքը կունենա ամենաերկար զիփլայնը

4 րոպեի ընթերցում

Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար. քաղաքը կունենա ամենաերկար զիփլայնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, համավարակով պայմանավորված, զբոսաշրջության ոլորտում բազմաթիվ ծրագրեր հետաձգվեցին, որոշները չեղարկվեցին: Չնայած դժվարություններին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչվում: Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Կապանը դառնա հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար: Մոտ ժամանակներս ավարտին կհասցվեն Կապանում զբոսաշրջային ոլորտում 2020 թվականին խոշոր ծրագրերից մեկի աշխատանքները: Մասնավոր հատվածի ներդրումների արդյունքում Կապանը կունենա աննախադեպ երկարությամբ զիփլայն: Այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայններից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը նշեց, որ մի քանի օրից կկատարվեն վերջնական փորձարկումները:

«Այս զիփլայնի մեկ կետից մինչև մյուս կետը ուղիղ գծով 1080 մետր է: Գետնից ճոպանի ամենաբարձր կետը գերազանցում է 160 մետրը: Այն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն` զբոսաշրջիկն անցնելու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, քաղաքի վրայով է անցնում: Այս զիփլայնը դրանով նույնպես աննախադեպ է»,- ասաց Գեղամ Միրոյանը:

Զիփլայնի կառուցման աշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերի վերջին: Թղթաբանությունից մինչև վերջնական արդյունք՝ ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ այն արդեն պատրաստ է: Գեղամ Միրոյանը նշեց, որ հիմա վերջնական փուլում են:

«Անվտանգության առումով կարող եմ ասել, որ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա այն քննարկման փուլում է»,- ասաց Գեղամ Միրոյանը:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շատ կարևոր համարեց նման ծրագրի իրականացումը: Այն Կապանում զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին խոշոր ծրագիրն է:

«Աշխատանքները գրեթե ավարտական փուլում են: Այն շատ գրավիչ կլինի էքստրիմը սիրող զբոսաշրջիկների համար: Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն կունենա Կապանի համար.վստահաբար մեր համայնքը զբոսաշրջիկներին այլ կողմից կներկայանա, այցելուների նոր հոսք կապահովվի: Ցավոք, համավարակով պայմանավորված, ծրագրերը փոխվեցին, սակայն չենք հուսահատվում, մենք և մասնավոր հատվածը շարունակում ենքաշխատել ու պատրաստվել»,-ասաց Կապան համայնքի ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ Կապանում ևս մեկ զիփլայն է լինելու, այս անգամ բնության գրկում՝ անտառային հատվածում: Այս ուղղությամբ ևս գործընթացներն առաջ են գնում, օրերս ավագանու օրակարգում այդ նպատակով հողատարածքի օտարման հարցն էր ներառված:

«Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից մեծ հույսեր ունենք՝ կապվածօդանավակայանի վերաբացման հետ: Դրանից բացի, ինչպես գիտեք, հիմնանորոգվում է Տաթև-­Կապան ավտոճանապարհը: Այս տարի պետական միջոցներով հիմնանորոգվում է դրա 12.5 կմ հատվածը, հաջորդ տարի՝ 17.5 կմ-ը: Սա նույնպես կարևոր ենթակառուցվածք է և զարկ կտա տուրիզմի զարգացմանը», -ասաց համայնքի ղեկավարը:

Գևորգ Փարսյանը նշեց, որ քաղաքի բարեկարգման, համայնքին նոր տեսք տալու ուղղությամբ աշխատանքները չեն կանգնում: Իրենք ամեն ինչ անում են, որ քաղաքն ավելի գրավիչ դառնա հյուրերի համար: Նախատեսվում է այգիների վերանորոգում, հանգստյան նոր միջավայրի ստեղծում: Կապանում սպասում են երկրում համաճարակային իրավիճակի բարելավմանը, որպեսզի հետաձգված ծրագրերը նույնպես սկսեն կյանքի կոչել:

Աննա Գզիրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում