Քաղաքականություն

ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին

4 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կմասնակցի խորհրդարանի արտահերթ նիստին, որում կքննարկվի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե նախորդ քառօրյա նիստի ընթացքում իրենք բոյկոտ էին հայտարարել և լքել ԱԺ դահլիճը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նշել էր, որ բոյկոտի պատճառը ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններն են եղել:

«Մենք մասնակցելու ենք նիստին: Ինչ վերաբերում է նիստերը բոյկոտելուն, դա այդ ժամանակ մեր բողոքի խոսքն էր, բայց մենք շարունակում ենք մեր օրենսդիր գործունեությունը: Այսօր մասնակցելու ենք նիստին, ներկայացնելու հարցի վերաբերյալ մեր տեսակետները»,- ասաց Տոնոյանը:

Խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 22-ին, ժամը 13:00-ին:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորներին հեղինակած օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է:

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում