Մշակույթ

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Մաթևոսյանը 

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Մաթևոսյանը 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է կինոռեժիսոր, օպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Մաթևոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է տարածել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, որի անդամ էր Մաթևոսյանը:

«Էդուրադ Մաթևոսյանը կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց, մասնավորապես, վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ: Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են ֆիլմեր, որոնք տարեգրային նշանակություն ունեն՝ «60-ականների որդիները», «Համո Բեկ-Նազարյան», «Էջմիածին», «Հայի աչքեր», «Երգում են աշխարհի հայերը» և այլն: Էդուարդ Մաթևոսյանը հայկական կինոյի հնաբնակներից էր, վայելում էր ընկերների, գործընկերների սերն ու հարգանքը, և նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում»,-ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ցավակցել է Էդուրադ Մաթևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին:

«Նա իր գործով ու անունով մնալու է հայ կինոյի պատմության մեջ»,-ընդգծված է միության գրառման մեջ:

Էդուարդ Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում: 1954 թվականից աշխատել է «Հայֆիլմ»կինոստուդիայում, իսկ 1972 թվականից` նույն կինոստուդիայի դոկումենտալ ֆիլմերի բաժնում: 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտը: Որպես կինոռեժիսոր և կինոօպերատոր հանդես է եկել ավելի քան 70 ֆիլմում, որոնցից են «Երգում է Ռոզի Արմենը», «Սուրեն Սպանդարյան», «Հայերը երգի աշխարհում», «Մաեստրո», «Ռեքվիեմ», «Քանդակագործ Արա Հարությունյան» և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում