Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից, ուղերձում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։

102 տարի առաջ այս օրերին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում գործած անհավատալի սխրանքը և դրա հիման վրա բարձրացած Հայաստանի առաջին հանրապետությունը լավագույն ապացույցն են մեր բազկի, մտքի և կամքի համահավաք ուժի անպարտելիության։

Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերն առաջին իսկ օրվանից կանգնած էին անհավասար պատերազմի, ցեղասպանությունից փրկված անօթևան գաղթականների, սովի, համաճարակի և բազմաթիվ այլ ծանրագույն խնդիրների առջև, որոնցից շատերի լուծման ուղղությամբ գերմարդկային ջանքերի գնով մեծ քայլեր իրականացվեցին։ Երկու տարիների ընթացքում դրվեցին պետական ինստիտուտների հիմքերը, իրականացվեցին քայլեր, որոնք ուղղված էին ոչ միայն այդօրեական խնդիրների լուծմանը, այլև հեռանկարային էին, հավակնոտ, ունեին երազանք մեծ ու հզոր Հայաստանի մասին։

Հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը վերադարձ է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, որը գոյություն ուներ նաև Առաջին Հանրապետությունում, մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը։

Փա՛ռք 1918-ի մայիսյան հերոսամարտի հերոսներին, փա՛ռք մեր հայրենիքի ու մեր անկախ պետականության համար ոչինչ չխնայած բոլոր գործիչներին։

Շնորհավորում եմ բոլորիս»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում