Հասարակական

Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին կոչ արեց զերծ մնալ քննական կենտրոններ այցելելուց

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին կոչ արեց զերծ մնալ քննական կենտրոններ այցելելուց

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին կոչ արեց կորոնավիրուսի հակամաճարակային կանոնները պահելով, զերծ մնալ ընդունելության քննությունների քննական կենտրոններ այցելելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանի հարցին:

«Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, անցկացվելու են քննական կենտրոններում: Ավելացրել ենք քննական կենտրոնների քանակը, որպեսզի պարետատան ու Առողջապահության նախարարության պահանջների տրամաբանության մեջ մնանք: Հիմա գնվում են դիմակներ, ախտահանման միջոցներ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան ավելի հավանական է, որ անվտանգ կիրականացնենք բոլոր միջոցառումները»,- ասաց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ ընդունելության քննության ընթացակարգերին ու համալսարաններին կարելի է ծանոթանալ Dimord.am կայքի միջոցով:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում