ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն արժանի է, որ իրենով հպարտանան մարդկության բազմաթիվ սերունդներ: Այս մասին նշել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հայրենական պատերազմի 75 ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքով, պարտավոր ենք հակազդել պատմական այդ ժամանակաշրջանի իրադարձությունները վերանայելու փորձերին:
«Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կարևոր իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար: Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկությանը բերեց աղետներ ու տառապանք: Այն խլեց տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքը, երկրագնդի վրայից ջնջեց հարյուրավոր քաղաքներ ու բնակավայրեր: Դաժան պայքարում Սովետական միության ժողովուրդները պաշտպանեցին իրենց հայրենիքի ազատությունն ու անկախությունը: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից մյուս ազգերի հետ միասին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց, պաշտպանեց Հայրենիքը և կիսեց պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արարատ Միրզոյանը:
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Մեծ հաղթանակը նաև ավելի քան 600 հազար հայերի անձնազոհության ու քաջության շնորհիվ է: Պատերազմի ժամանակ մարտի դաշտում հաղթանակի համար զոհվեց 100 հազար հայ: Արարատ Միրզոյանն այս ցուցանիշը բավական տպավորիչ է համարում ՝ հաշվի առնելով մեր ժողովրդի թվաքանակի և զոհերի քանակի հարաբերակցությունը: Նա հիշեցրեց, որ հարյուրից ավելի հայեր արժանացել են Սովետական միության հերոսի կոչման: Նրանց շարքում են մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Արմենակ Խանփերյանցը, Համազասպ Բաբաջանյանը, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովը, հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները:
Արարատ Միրզոյանը նկատեց, որ այդ ընդհանուր հաղթանակն ընդդեմ պատերազմի էր, ագրեսիայի, ահաբեկչության, ագրեսիվ ազգայնականության, մարդու իրավունքների ու ազատությունների դեմ գործողությունների: Ըստ նրա՝ Հայրենական մեծ պատերազմը պետք է օրինակ ծառայի արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանելու գործում:
«Մենք պարտավոր ենք պահել այս պատերազմի մասին հիշողությունները և վճռականորեն հակազդել դրա նշանակությունը նսեմացնելու, արդյունքները վերանայելու ցանկացած փորձի: Մեծ հաղթանակը արժանի է, որ իրենով հպարտանան մարդկության բազմաթիվ սերունդներ, քանի որ այն ընդհանուր ժողովուրդների հաղթանակն էր չարի նկատմամբ»,-ասաց Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահի խոսքով, միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ անցյալի ողբերգական իրադարձությունները չկրկնվեն, որ ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության ու համերաշխության մեջ: Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել մոտեցումներ, ինչպես նաև բարձրացնել միջխորհրդարանական համագործակցության մակարդակը, հատկապես խաղաղության ու անվտանգության հարցերի հետ կապված:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ՝ հատուկ ընդգծելով նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ գործում: