COVID-19. Չինաստանում գրանցվել է վարակվածության 2 նոր դեպք. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 753 հազար 689-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 259 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 256 հազար 580 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 238 հազար 459 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 72 հազար 285 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 253 հազար 682 է: Մեկ օրում 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 857:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 213 հազար 013 է: Վարակից մահացել է 29 հազար 315 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցել էր Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 194 հազար 990: Վարակի հետևանքով մահացել է 29 հազար 427 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան քիչ տարբերությամբ շրջանցեց Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 170 հազար 551 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 531 մարդ:

Գերմանիայում 167 հազար 007 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 6 հազար 993 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 165 հազար 929: Վերջին մեկ օրում այստեղ գրանցվել է 10 հազարից ավելի նոր դեպք: Երկրում մահացածների ընդհանուր թիվը 1537 է:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 129 հազար 491-ի, մահացածներինը՝ 3 հազար 520-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 116 հազար 299 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 966: Իրանում վարակվածների թիվը հասել է 101 հազար 650 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 418 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 883 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 610-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 972, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 192 է, մահացածներինը՝ 146:

Եգիպտոսում 7 հազար 201 հաստատված դեպք կա, մահացել է 452 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 6 հազար 289-ի, մահացածներինը՝ 42-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 431 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 750 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 45-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

ՌԴ մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-իհաղորդմամb, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ Միխայիլ Միշուստինը տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա հայտնել էր, որ պետք է մեկուսանա և հետևի բժիշկների ցուցումներին: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Գերմանիայում չեն բացառել արտերկրում իրենց քաղաքացիների հանգիստը կազմակերպելու տարբերակը

Գերմանիայի կառավարության տուրիզմի գծով ներկայացուցիչ Թոմաս Բարաիսը չի բացառել այն, որ իրենց քաղաքացիները ամռանը հանգիստը կազմակերպեն արտերկրում, եվրոպական այլ երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա հանգիստը հնարավոր կլինի կազմակերպել Գերմանիայում կամ հարևան երկրներում:

«Դա վերաբերում է Ավստրիային, Ֆրանսիային, Բելգիային, Լեհաստանին, Նիդերլանդներին, որտեղ կարելի է գնալ ավտոմեքենայով: Բայց ես չէի բացառի Եվրոպայի մյուս շրջանները ևս, օրինակ, Բալեարյան, հունական կղզիներ, եթե իհարկե, այնտեղ նոր դեպքեր չլինեն և կաշխատի բժշկական աջակցություն»,-ասել է նա:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Անգելա Մերկելը տեղեկացրել էր, որ այդ հարցը օրակարգային չէ:

ԵՄ-ի տնտեսությանը սպասում է խոր անկում. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը հայտնում է, որ Եվրամիությանը սպասում է աննախադեպ տնտեսական անկում: Ենթադրվում է, որ անդամ երկրներում միագումար ՀՆԱ-ի անկումը կլինի ավելի քան 7 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ երբ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ երկրներում մտցվեց կարանտինի ռեժիմ, նախնական ոչ պատոնական գնահատականներով կանխատեսվում էր, որ ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտում անկումը կլինի 2,5 տոկոսի չափով: Ավելի ուշ այդ թվերը մի քանի անգամ վերանայվեցին:

Մայիսի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջին պաշտոնական կանխատեսումն այն մասին, թե ինչ է սպասում Եվրոպային առաջիկա ամիսներին:

Մասնագետները նշում են, որ տնտեսության վերականգնումը կսկսվի հաջորդ տարի, սակայն «այն թույլ չի տա փոխհատուցել անկումը»:

Մեկուսացման ռեժիմի հետևանքով ֆրանսիացիների կեսից ավելին գիրացել է

Ֆրանսիայում մեկուսացումը մեծ թվով մարդկանց շրջանում հանգեցրել է քաշի ավելացման խնդրի: Երկրի 57 տոկոսից ավելին ավելորդ քաշ է ձեռք բերել, 29 տոկոսի դեպքում հակառակն է տեղի ունեցել՝ գրանցվել է քաշի կորուստ: «Արմենպրես»-իհաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ ներկայացնելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի հետազոտության տվյալները:

Նշվում է, որ ֆիզիկական ակտիվության պակասը, սթրեսները, պարբերաբար սնվելը հանգեցրել է գիրացման: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ միջինը 2.5 կգ ավել քաշ են հավաքել: Այս ընթացքում ֆրանսիացիների մոտ ավելացել է շոկոլադի և թեթև ալկոհոլային խմիչքների պահանջարկը:

Ըստ հետազոտությունների՝ քաշի ավելցուկ գրանցվել է այն մարկանց մոտ, ովքեր մեծ ընտանիքներով են ապրում: Այդ երևույթը քիչ է վերաբերում այն մարդկանց, ովքեր միայնակ են ապրում: Հարցմանը մասնակցած քաղաքացիները նշել են, որ կարանտինի ռեժիմը հանելուց հետո հակված են վերադառնալու ավելի առողջ սննդակարգի:

ԱՄՆ-ի տնտեսությունը վերագործարկելու ժամանակն է. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է վերագործարկելու երկրի տնտեսությունը, նույնիսկ եթե դա նշանակում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելանում է: «Այս ամենից ինչ-որ մեկը տուժում է, այո, բայց մենք պետք է բացենք մեր տնտեսությունը»,- ասել է նա:

Թրամփն այցելել էր «Honeywell» ընկերություն՝ ծանոթանալու կորոնավիրուսի դեմ պայքարի համար պարագաների արտադրությանը: Ընկերությունը ձեռք է բերել 27.4 մլն դոլար արժողությամբ պայմանագիր, ըստ որի պարտավորվում է առաջիկա վեց ամսում արտադրել 38 միլիոն պաշտպանիչ դիմակ:

ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1 մլն 237 հազար 761, վարակի հետևանքով մահացել է 72 հազար 275 մարդ:

Ֆրանսիան երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը

Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ սենատորները քվեարկել են արտակարգ դրությունը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելունախագծի օգտին, թեպետ, ի սկզբանե կառավարությունը նախատեսում էր երկարաձգել մինչև հուլիսի 24-ը: Նախագիծը ենթադրում է հետևել կորոնավիրուսով վարակվածներին և նրանց կոնտակտավորներին: Այս մասին «Թվիթեր»-ում նշել է սենատոր Ֆիլիպ Բան: Նախագծով նախատեսվում է նաև, որ ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք պետք է մեկուսացման կամ կարանտինի ռեժիմը պահպանեն ամուսնուց հեռու՝ առանձին պայմաններում: Նախագիծը մայիսի 6-ին կդիտարկի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը:

Ակնկալվում է, որ Ֆրանսիան կսկսի փուլային տարբերակով դուրս գալ կարանտինից մայիսի 11-ին: Վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրել էր ինքնամեկուսացումից դուրս գալու նախագիծ՝ հայտարարելով մանկապարտեզների, դպրոցների, խանութների փուլ առ փուլ բացման մասին: Ռեստորաններն ու սրճարաններն առայժմ փակ կմնան: Մայիսի 11-ից պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում պաշտպանիչ դիմակ կրելը:

Իրանի 132 քաղաքում կրոնական կառույցները բացվել են

Իրանում Նվիրաբերությունների և բարեգործությունների գծով կազմակերպությունը հայտարարել է, որ կրոնական կառույցները կրկին բացվում են 132 քաղաքում, քանի որ պաշտոնյաները մեղմացնում են սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Նշվում է, որ սահմանափակումների մեղմացում կատարվում է այն քաղաքներում, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարելավվել է: Իրանում կրոնական կառույցները փակվել են երկու ամիս առաջ, երբ բռնկվեց վարակը:

Նշվում է, որ թեպետ կրոնական կառույցները բացվում են, ամեն դեպքում սահմանվել են որոշ կանոններ այցելուների համար: Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, ինչպես նաև իրենց հետ պետք է բերեն աղոթքի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա