Քաղաքականություն

Բաբաջանյանը ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին տեսնում է ՍԴ-ի ճգնաժամի հաղթահարման մեջ

2 րոպեի ընթերցում

Բաբաջանյանը ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին տեսնում է ՍԴ-ի ճգնաժամի հաղթահարման մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երկրում հակապետական խմորումներ է նկատում՝ կարծելով, որ ԱԺ-ն պետք է արձագանքի դրանց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված, և այդ պատերազմում գործում են բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցները: Այս պատերազմն ուղեկցվում է ներքին ու արտաքին մի քանի աղբյուրներից սնվող հարձակումներով: Ճիշտ նման գործելաոճ, ժողովրդին հայտարարված պատերազմ տեսել ենք մեր նորագույն պատմության տարբեր փուլերում, տեսել ենք 1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ ու հետո, 2008-ի մարտի 1-ից առաջ ու հետո, տեսնում ենք նաև այսօր: Միակ տարբերությունն այն է, որ պետության և ժողովրդի դեմ պատերազմողներն այն ժամանակ ունեին իշխանություն, և դա անում էին իշխանական ու պետական աշխատասենյակներից, իսկ այսօր հանդես են գալիս արդեն ոչ իշխանական, պսևդոընդդիմության դիրքերից»,-ասաց Բաբաջանյանը:

«Մեր երկրի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման մեջ է: Օբյեկտիվ պատճառներով դա չստացվեց հանրաքվեի միջոցով, ուստի ճգնաժամը պետք է հաղթահարել այստեղ, այս դահլիճում և ամենակարևորը միասնականությամբ և համախոհությամբ»,-ասաց նա:

Նա նշեց՝ այս ԱԺ-ն պետք է պաշտպանի երկրի ժողովրդավարությունը, պետք է արձագանքի երկրում տեղի ունեցող, իր բնորոշմամբ, հակապետական, դավաճանական խմորումներին և զարգացումներին: Պատգամավորը հորդորեց քաղաքական մեծամասնությանը խնդիրը անհապաղ դարձնել քննարկման առարկա և շուտափույթ ձեռնամուխ լինել դրա լուծմանը:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին: Դրանով առաջարկվում էր դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների պաշտոնավորումը: Սակայն հայտարարված արտակարգ դրության պայմաններում այն չէր կարող կայանալ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում